Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ձիերն ախոռ տանելու ժամանակը վաղուց հասել է

Ձիերն ախոռ տանելու ժամանակը վաղուց հասել է
26.12.2008 | 00:00

ՀԵՏԱՀԱՅԱՑ
«Երբ Կալիգուլան իր ձին բերեց սենատ, Հռոմի բոլոր ձիերն իրենց մարդ զգացին»։
Լեոնիդ Սուխոռուկով, ռուս գրող և աֆորիզմների հեղինակ

Քաղաքական գործիչներն առաջնորդվում են համանման սկզբունքով, երբ մեծ ոգևորությամբ խոստանում են ինչ-որ բան և ոչ պակաս ոգևորությամբ բացատրում ժողովրդին, թե ինչու չարեցին խոստացածը։ Հայաստանում քաղաքական գործիչները ոչ միայն չեն փորձում բացատրել, թե ինչու չեն կատարում ստանձնած պարտավորությունները, այլև ձևացնում են, թե չեն էլ հիշում այդ մասին։ Հնարավոր է, որ իշխանության համար մղվող մշտական պայքարի մեջ գտնվելով, պնակալեզներով շրջապատված, իսկապես, մոռանում են ժողովրդին տված խոստումները։ Արքունիքն է ստեղծում թագավորին, և նա էլ կարող է հրեշի վերածել նրան։ Երկրի քաղաքացիները և միաժամանակ հարկատուները, սակայն, ոչ միայն կարող են, այլև պարտավոր են պահանջել բացատրություններ և համապատասխան գործողություններ, մանավանդ Նոր տարվա շեմին, երբ ամփոփվում են անցյալի արդյունքները և նախանշվում ապագա քայլերը։
Հարկ է նկատել, որ այս տարվա ընթացքում քաղաքական զարգացումների տրամաբանությունը հանգեցրեց նրան, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործնականում մնացել են միայն երկու ակտուալ և հրապարակային գործիչներ` գործող նախագահը և նրա հիմնական ընդդիմախոս առաջին նախագահը (քոչարյանական կարտելում ընդգրկված գործիչները նույնպես ակտուալ են, բայց ոչ հրապարակային, իսկ մյուսները ոչ այս են, ոչ էլ այն)։ Արդյունքում մենք ունենք գործնականում երկու միանման սև կամ միանման սպիտակ ձգողականության կենտրոններ, իսկ մնացած ամեն ինչը տարրալուծվել է գորշավուն-ճահճային երանգների մեջ։ Թե ինչու այդպես եղավ, այլ և հատուկ խոսակցության նյութ է, իսկ այսօր փորձենք հիշել, թե ինչ է խոստացվել հանրությանը, և ինչու երկու խոստացողներն էլ այսօր անում են ճիշտ հակառակը։
«Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսից և սոցիալական խոստումներից զատ, նախագահական պաշտոնի երկու հիմնական հավակնորդներն էլ խոստանում էին փոփոխություններ։ Քաղաքացիների մի մասն ազնիվ մղումներով, մի այլ մասը` անձնական շարժառիթներով մտածում, հավատում կամ կասկածում էին, որ փոփոխություն ասածն առաջին հերթին պետք է վերաբերի հին, կարծրացած, իշխանության համար շատ հարմար համակարգի ապամոնտաժմանը, որն արդեն վաղուց արտասահմանում նրբակրթորեն անվանում են օլիգարխիական, իսկ կուլիսներում` կառավարման մաֆիոզ-կլանային համակարգ, և Հայաստանը համարում են ոչ թե բաց թանգարան երկնքի տակ, այլ փոքրիկ բանդիտական պետություն։
Վարչապետ, իսկ այնուհետև նախագահ ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը բազմիցս խոսել է կառավարությունում, քաղաքական և տնտեսական դաշտում լուրջ փոփոխությունների անհրաժեշտության մասին, ինքնիրավչության և անօրինականության դեմ պայքարի, հավասար պայմաններ ստեղծելու վերաբերյալ, այդ թվում` հարկային դաշտում։ Թվում էր, թե ՀՀԿ-ի «հաղթանակի հասնելուց», իսկ ընդդիմության կողմից «նախահեղափոխական իրավիճակ» ստեղծելուց հետո գործող նախագահը պետք է իր կադրային քաղաքականության մեջ դադարեր առաջնորդվելուց իշխանության ներսում հավասարակշռության ապահովման հրամայականով և կոալիցիոն հռչակագրից բխող սկզբունքներով, այլ յուրաքանչյուր նշանակում իրականացներ պաշտոնի հավակնորդի պրոֆեսիոնալ և անձնական հատկանիշներից ելնելով։ Սա, անկասկած, յուրաքանչյուրի ցանկությունն էր, ով ընդդիմության հետ կանգնած էր փողոցում կամ էլ կողքից էր հետևում զարգացումներին։ Որովհետև հենց կադրային քաղաքականությունն է անցած մեկ ու կես տասնամյակում ժողովրդական դժգոհության հիմնական պատճառներից մեկը։ Գործող նախագահը հնարավորություն ուներ նոր կարգավիճակով իր գործունեության սկզբում եթե ոչ ամրապնդել վարկանիշը, ապա, առնվազն, փոփոխությունների հույս ներշնչել, և նախադրյալներ կարծես կային։ Հայկական մամուլում ավելի քան մանրամասն խոսվել է այն մասին, թե ինչպիսի բացասական ու մերկապարանոց արձագանք տվեցին «արմատական հանրապետականները» «օտարական» Տիգրան Սարգսյանի նշանակմանը վարչապետի պաշտոնում։ Քանի որ շատերը կանխատեսում էին Հովիկ Աբրահամյանի նշանակումը, որը միանշանակ ձեռնտու է «համակարգին»։ Ինչևէ, քաղաքացիներն ու հարկատուները կարծես թեթևացած շունչ քաշեցին, թե «խորշակն» անցավ, բայց շատ շուտով անհասկանալի ծառայությունների և որակների համար վարչապետական նախկին թեկնածուն «պարգևատրվեց» պետության մեջ երկրորդ դեմքի պաշտոնով։
Հասկանալի է, որ կոալիցիոն սկզբունքը` «ամեն քրոջը մի ականջօղ», հարկադրված գործելաոճ է գործող նախագահի համար և ուղղված է իշխանության բուրգի թվացյալ մոնոլիտության պահպանմանը։ Բայց միաժամանակ կային հույսեր, որ սա ժամանակավոր մարտավարություն է։ Մինչդեռ անցել է ոչ քիչ ժամանակ, իսկ գործող նախագահը շարունակում է պատանդ մնալ կորպորատիվ շահերի շրջանակում, իսկ լիսկաները շարունակում են նստած մնալ «ժողովրդի ծառաների» իրենց փափուկ բազկաթոռներում։ Երկրի անդորրը շարունակում են խանգարել այդպիսիների հովանավորած բանդաները, արդարադատությունը դարձյալ «պաշտպանում է» Աղվան Հովսեփյանը, վարչակազմում իրենց դիրքերը պահպանած Քոչարյանի կողմնակիցները շարունակում են «փարիզյան արքունիքի ինտրիգները»։ Ավելին, նրանք այլևս սուսուփուս չեն և համարում են իրենց հայ ժողովրդի «հույսի եզերքը», հաբրգել են ու փորձում են փայտ խրել պետական մեքենայի անիվների արանքը` միաժամանակ անկյուններում շշնջալով ու լուրեր տարածելով նոր նախագահի թուլության մասին։ Որպես օրինակ կարող են ծառայել ԲՀԿ պատգամավորների վերջին գործողությունները խորհրդարանում։ Այս պայմաններում գործող նախագահին հազիվ թե հաջողվի իշխանության ներսում պահպանել հավասարակշռությունը և չոր դուրս գալ «ջրհեղեղից»։ Անշուշտ, կարելի է հանգել նաև այլ հետևության, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում և, հավանաբար, չի էլ կարող միանգամից գործողություններ ձեռնարկել իր ժողովրդականության բարձրացման ուղղությամբ` հանրությանը տված խոստումները կատարելով։ Սակայն կորպորատիվ և կլանային շահերի շրջանակում պատանդ մնալն աննկատ չի մնում ոչ միայն երկրի ներսում, այլև նրանից դուրս։
Ինչ վերաբերում է արմատական ընդդիմությանը, ապա, իրեն բնորոշ ինքնավստահությամբ հանդերձ, հարկ է արձանագրել, որ Տեր-Պետրոսյանը, թերևս, չի մոռացել. զանգվածային միջոցառումներում ժողովրդի ներկայությունը բոլորովին էլ չի ապահովվել «ՀՀՇ-ի գվարդիայի» ուժերով։ Հասարակ մարդիկ աջակցել են ընդդիմությանը փոփոխությունների հույսով և իրենց ապագան կապել են ոչ այնքան Տեր-Պետրոսյանի վերադարձի, որքան անցյալից ազատվելու հետ` առաջին նախագահին այդ ճանապարհին դիտարկելով որպես գործիք։ Ինչը, ի դեպ, կոչում էր ինքը։ Բայց համազգային առաջնորդի հեղինակություն նրա շուրջ ընդդիմությանը չհաջողվեց ստեղծել։ Բնակչության լայն խավերը բազմաթիվ անպատասխան մնացած հարցեր ունեն` կուտակված դեռ այն ժամանակից։ Ասենք, ինչո՞ւ սեփականաշնորհումը երկրում անցկացվեց այդպիսի բացասական ձևերով ու այլանդակ բովանդակությամբ։ Կամ կադրային քաղաքականությունն իրականացվում էր «պոլի փետ լինի, մեր տղան լինի» սկզբունքով։ Ինչո՞ւ դեռ 90-ականներին հայտնվեցին կոռուպցիոն-կլանային համակարգի առաջին ծիլերը և ծաղկում ապրեցին արդեն հետագա տարիներին։ Ինչպե՞ս ստացվեց, որ իր էությամբ ազգային-ժողովրդավարական շարժումը, ի վերջո, հանգեցրեց այդպիսի իշխանության ձևավորման, որը դրեց ընտրակեղծիքների հիմքերը Հայաստանում։ Այս հարցադրումների ցանկը շատ երկար է, պատասխաններ ինչպես չկային, այնպես էլ չկան։ Թեպետ հարցադրումները զուգահեռվում են շատ կոնկրետ անձանց մասին հաստատված պատկերացումների հետ։
Ավելին, միայն նոր հեղինակությունը և նոր շրջապատի ձևավորումը Տեր-Պետրոսյանի շուրջ կարող էին փոփոխությունների առումով որոշակի հույսեր ներշնչել։ Սա ակնհայտ ճշմարտություն է, ու կարծես իրադարձություններն այդ ուղղությամբ պետք է զարգանային։ Սակայն անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ արմատական ընդդիմության առաջնորդն էլ, ինչպես իր կենսագրության մեջ եղել է շատ անգամ, ՀՀՇ-ի արատավոր շրջանը ներկայացնող իր, թեկուզև հավատարիմ, շրջապատի պատանդն է։ Այդ պատճառով էլ ընդդիմության և իշխանության դաշտերը համանման են։ Միարժեք սև կամ սպիտակ, ում որ գույնը դուր կգա, թեպետ ժողովրդական հավատալիքներում երկուսն էլ սգո գույն են։
Զղջման ճանապարհը միշտ էլ դժվարին է և փշոտ։ Բայց ամենուրեք և բոլոր ժամանակներում իմաստուն քաղաքական գործիչների համար հենց դա է եղել արդյունավետ ուղին։ Ժողովուրդն իր հավաքականության մեջ միշտ էլ օբյեկտիվ է ու արդարացի, միշտ ընդունակ գնահատելու արիությունն ու սխալներն ուղղելու ցանկությունը։ Այսօր այդ ճանապարհին կարող է կանգնել երկու քաղաքական գործիչ, որոնցից կախված է երկրի ապագան։ Ձիերն ախոռ տանելու ժամանակը վաղուց հասել է։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3575

Մեկնաբանություններ